Մարզական

«Վանաձոր» ՔԿՀ-ում անցկացվել է սպորտային միջոցառում

մայիսի 12, 2022

Մայիսի 11-ին սպորտային միջոցառում է անցկացվել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Շուրջ երկամսյա մարզումներից հետո հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, ՀՀ Լոռու մարզպետարանի օժանդակությամբ, ինչպես նաև Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանի և մարզիչ Տիգրան Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ իրականացվել է սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների միջև։ 

Տասը դատապարտյալ բավական մեծ ոգևորությամբ մասնակցել է պայքարին։ Վերջնարդյունքում առաջին պատվավոր տեղերը գրավել են Նարեկ Ստեփանյանը, Դավիթ Ներկարարյանը և Նարեկ Վարդանյանը։ Հաղթողներին Է․ Կոստանյանը Լոռու մարզպետարանի կողմից պարգևատրել է պատվոգրերով և մարզաձևը խորհրդանշող հուշանվերներով։ Որպես լավագույն մասնակից հուշանվերով է պարգևատրվել նաև ցմահ դատապարտյալ Արտյոմ Սաֆարյանը։

Առաջնության ավարտին հաղթողներին շնորհավորական խոսքեր են ուղղել մարզպետարանի ներկայացուցիչները և «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը՝ իրենց խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, նրանց վերասոցիալականացմանն ուղղված նմանատիպ միջոցառումների իրականացումը։ 

Ա․ Պետրոսյանը շնորհակալական խոսքեր է հղել նաև Լոռու մարզպետարանին՝ ի դեմս մարզպետ Արամ Խաչատրյանի՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։