Պաշտոնական

«Վարդաշեն» ՔԿՀ-ում կատարվեց անմահացած հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն

հուլիսի 08, 2022

Հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պուրակում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ տեղի է ունեցել հուշակոթողի օրհնության և բացման արարողություն։ Հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի հարատևությունը, հոգևոր ուժը, հայրենիքը մշտապես պաշտպանելու յուրաքանչյուր հայի պարտավորությունը և նվիրված է 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի, Արցախյան պատերազմներում իրենց կյանքը հանուն անկախ, ազատ և հայապատկան հայրենիքի զոհած հայորդիների հիշատակին։  

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, կենտրոնական մարմնի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմը, հյուրեր, ինչպես նաև ազատազրկված անձինք։ 

Հուշակոթողը կազմված է չորս խաչքարերից և մեկ հուշաքարից։ Խաչքարերից երեքը ՀՀ ԱՆ ՔԿԾ վարչակազմի նախաձեռնությամբ «Վարդաշեն» ՔԿՀ են տեղափոխվել ներկայում չգործող «Էրեբունի» ՔԿՀ-ից, մյուս երկուսը Լ․ Գրիգորյանի առաջարկությամբ կերտել են քանդակագործներ Կամո Իսաջանյանը և Ռազմիկ Խուրշուդյանը, հուշակոթողի ողջ տարածքը սալիկապատել և ձևավորել են դատապարտյալներ Էմիլ Յայլոլյանը և Արա Էլբակյանը։ Հուշակոթողի կառուցման, տարածքի բարեկարգման աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել հիմնարկի ծառայողները, աշխատակիցները, ինչպես նաև բոլոր դատապարտյալները։ 

Արարողության ավարտին Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ազատազրկված անձանց է փոխանցել Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից ուղարկված և օրհնված Աստվածաշունչ, աղոթագրքեր և խաչեր։