Պաշտոնական

Վերապատրաստում՝ ապաստան հայցողների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով

հոկտեմբերի 07, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացի, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության կողմից։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել ազատազրկված ապաստան հայցողների հետ աշխատող մասնագետների իրազեկվածությունն ապաստանի տրամադրման գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ։

Բացման խոսքում Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը կարևորել է բազմակողմանի համագործակցությունը վերոնշյալ գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում։

Վերապատրաստման ընթացքում ներկայացվել են ապաստանի հարցերին վերաբերող միջազգային և ազգային օրենսդրության նորմերը, ինչպես նաև քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում ապաստան հայցող ազատազրկված անձանց բացահայտելու և նրանց դեպի լիազոր մարմին ուղղորդելու մասին թեմաներ։