Մշակութային

Վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ՝ «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

փետրվարի 10, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գլխավոր հոգեբան Նաիրա Հարոյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում կազմակերպվել է հոգեբանական միջոցառում, որի շրջանակում ցուցադրվել է «Պորտալար» հոգեբանական ֆիլմը։

Ֆիլմի ցուցադրման նպատակն էր ներկայացնել հոգեբանական աճը որպես շարունակական գործընթաց, այլ ոչ թե վերջնական արդյունք, բացատրել կախվածություն–ինքնուրույնություն դինամիկան, լուսաբանել առողջ սահմանների ձևավորման գաղափարը և աջակցել ինքնուրույնության ու ինքնության ձևավորման գործընթացներին։ Ֆիլմում ընդգծված է այն միտքը, որ ինքնուրույնությունը չի ծնվում կտրուկ բաժանումից, այլ գիտակցումից և ընդունումից։

Դիտումից հետո ազատազրկված անձանց մասնակցությամբ իրականացվել է քննարկում և վերլուծություն, որի ընթացքում նրանք կիսվել են իրենց զգացմունքներով, հույզերով և այն ներքին փոփոխություններով, որոնք առաջացել էին ֆիլմի ազդեցության արդյունքում։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ևս կազմակերպվել է ֆիլմի ցուցադրություն օտարերկրյա ազատազրկված անձանց համար ներկայացվել է «Երջանկության հետևից» ուսուցողական ֆիլմը։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների մոտիվացիան, կայունացնել հուզական վիճակը և խթանել սոցիալական ադապտացիան։ Միջոցառման ավարտին անցկացվել է ֆիլմի բովանդակային վերլուծություն և քննարկում ներկայացված գաղափարների շուրջ։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի ներհիմնարկային մրցաշար։ Մրցաշարի արդյունքում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Ա. Ասրյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար Ա. Մկրտչյանը և Հ. Խաչատրյանը։