Տարբեր ձևաչափերով միջոցառումներն ազատազրկված անձանց համար շարունակվում են
մարտի 16, 2021
Ազատազրկված անձանց ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելուն, զբաղվածությանը, ինչպես նաև նրանց վերասոցիալականացումն ապահովելուն ուղղված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ շարունակվում են իրականացվել համապատասխան միջոցառումներ։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել էր շաշկու մրցաշար, որին մասնակցել էր 20 դատապարտյալ և կալանավորված անձ։ Առաջին երեք տեղերն համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Ա․ Խ․-ն, Ա․ Ղ․-ն և Ա․ Մ․-ն հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով։
Սեղանի թենիսի մրցաշար էր կազմակերպվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Մասնակցել էր 22 ազատազրկված անձ։ Այս մրցաշարի հաղթողները ևս հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել էին պատվոգրերի։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կալանավորված անչափահաս անձանց համար օրերս էլ անցկացվել էր լուսավորչական միջոցառում՝ շուկայական տնտեսություն, առաջարկ, պահանջարկ և մրցակցություն թեմաներով։ Միջոցառման նպատակն է եղել օգնել անչափահասներին մասամբ գաղափար կազմել շուկայական տնտեսության մասին, ընկալել բիզնես-գործողությունը որպես ինքնադրսևորման միջոց և վերջնարդյունքում՝ կողմնորոշվել մասնագիտական ընտրություն կատարելիս։