Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են
հոկտեմբերի 19, 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Երանուհի Թումանյանցը, Ծառայության կենտրոնական մարմնի վարչակազմը, քրեակատարողական հիմնարկների պետերը, ծառայողներ և հյուրեր։
Սերգեյ Ատոմյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին՝ շեշտադրելով հատկապես ծառայողի՝ իր կոչմանը համապատասխան վարքագիծը, աշխատանքում նրանց խիստ և հետևողական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր է հասնել այն նշաձողին, որն ամրապնդում է հասարակության վստահությունը յուրաքանչյուր ծառայողի հանդեպ։
Նախարարը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և առաջարկել հոկտեմբերի 19-ը հայտարարել նաև ստուգատեսի օր՝ ամփոփելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առաջարկելու խնդիրների արագ լուծման տարբերակները:
Կարեն Անդրեասյանը, ի թիվս համակարգում առկա այլ հարցերի, կարևորել է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումն ու խոստացել մեկ տարի անց զեկուցել կատարված բարեփոխումների արդյունքները: «Ինչպես պարեկային ծառայությունը դարձավ նոր սիմվոլը ամբողջ ոստիկանության, այնպես էլ նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով պետք է դառնա խորհրդանիշը նոր քրեակատարողական ծառայության», - ասել է արդարադատության նախարարը և կրկին շնորհավորելով ՔԿ ծառայության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նրանց նվիրումի ու կատարած բարեխիղճ աշխատանքի համար:
Այնուհետ Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ մի շարք ծառայողների պարգևատրել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար», «Գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։