Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում անցկացվում են հերթական ատեստավորումները
դեկտեմբերի 04, 2019
2019թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում անցկացվեց քրեակատարողական ծառայության աշխատակիցների հերթական ատեստավորումը: Նշենք, որ նոյեմբերի 27-ից ծառայության կենտրոնական մարմնում մեկնարկել էր քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, որը կավարտվի սույն թվականի դեկտեմբերի 19-ին:
Ատեստավորումն անցկացնելու համար ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, ինչպես նաև ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ կազմավորվել է ատեստավորման երկու հանձնաժողով՝ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն է, և միջին և կրտսեր խմբերի հանձնաժողով՝ ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի նախագահությամբ:
Ատեստավորումն իրականացվում է՝ համաձայն «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է հերթական պարտադիր ատեստավորման, ինչն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: