Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը մասնակցել է ԵԽ Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 13-րդ լիագումար նիստին
հոկտեմբերի 23, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ուղղիչ քաղաքականության հարցերով համագործակցության խորհրդի 13-րդ լիագումար նիստին, որն անցկացվել է ԵԽ Փարիզի գրասենյակում:
Նիստի ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել և ուսումնասիրվել են քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների կողմից հոգեկան խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների կառավարմանն ու հոգեկան առողջության խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց հոգեկան առողջության գնահատմանն ու տեղում անհրաժեշտ օգնության ցուցաբերմանը:
Կարևորվել են նաև քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների կողմից թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը և անխուսափելիությունը երկարաժամկետ հեռանկարում:
Նիստի շրջանակներում Ռաֆայել Հարությունյանն առանձնազրույցների ընթացքում միջազգային գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ոլորտում առկա վիճակը, նախատեսվող բարեփոխումներն ու վերջին շրջանում գրանցված ձեռքբերումները: Բացի այդ՝ միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչների հետ նախանշվել են համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները: