Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները մասնակցել են կոռուպցիայի կանխարգելման օրվան նվիրված համաժողովին
դեկտեմբերի 09, 2024
Քրեակատարողական ծառայության պետի պարտականություները կատարող Սահակ Գրիգորյանը, Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մասնակցել են «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» խորագրով համաժողովին։
Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Արդարադատության նախարարությունը ամփոփել է «Համախմբենք ուժերը, կանխենք կոռուպցիան» խորագիրը կրող մեկամսյա արշավը:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նշել է, որ կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ անզիջում պայքար մղելու կորուպցիայի դեմ՝ վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն դրսևորումները: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2018թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման համար, և մեծ է այն գիտակցումը, որ կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված աշխատանքով: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր գերատեսչություններին և այն մարդկանց, ովքեր իրենց առօրյա աշխատանքով ջանում են ստեղծել կոռուպցիայից զերծ հասարակություն:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր տեսաուղերձում շնորհավորել է մասնակիցներին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ և նշել, որ շուրջ վեց տարի է մեր պետությունը հետևողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ ՝ ունենալով «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը։
Քննարկման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ով կարևորել է, որ Ազդարարման համապետական արշավի շրջանակներում կազմակերպվել են 40 վերապատրաստում և իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ շուրջ 900 մարդու մասնակցությամբ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը և Երևան քաղաքը: Նա նշել է, որ արշավի պտուղների մասին խոսում են թվերը՝ շեշտելով ազդարարման դեպքերի ամսական շուրջ 200 տոկոս աճ:
ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ընդգրկուն կերպով ներկայացրել է կառույցի կողմից իրականացված աշխատանքները և ավելացրել, որ դեկտեմբերի 9-ը բացառիկ հնարավորություն է՝ գնահատելու կատարված աշխատանքները, վերլուծելու առկա խնդիրները:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն:
Հանդիպումը շարունակվել է պանելային քննարկմամբ՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ միջգերատեսչական պայքարի իրավական, ինստիտուցիոնալ գործիքները և մարտահրավերները», ինչպես նաև «Կոռուպցիայի վերաբերյալ հանրային ընկալումների փոփոխություն և լավագույն փորձերի ներկայացում» թեմաներով: Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։
Սկզբնաղբյուրը՝ https://moj.am/article/4231