Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի համակարգող խորհրդի հերթական նիստին
մարտի 19, 2026
Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհրդի հերթական նիստին։
Հանդիպմանը քննարկվել են 2025 թվականի ընթացքում նշված ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև 2026 թվականին նախատեսվող հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Մասնավորապես Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցության արդյունքում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
- ՀՀ ԱՆ «Սևան», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում ուսումնաարտադրական կենտրոնների հիմնում,
- Մասնագիտական վերապատրաստումներ կախվածությունների հաղթահարման և խմբային թերապիայի կիրառման ոլորտներում,
- ՔԿՀ-ներում բողոքարկման մեխանիզմների գնահատման վերաբերյալ զեկույցի և առաջարկությունների ներկայացում,
- ՔԿՀ-ներում բժշկական գաղտնիքի պահպանման վերաբերյալ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն և գնահատման զեկույցի ու գործնական ուղեցույցի կազմում,
- Պայմանական վաղաժամկետ ազատման չափորոշիչների գնահատման նոր մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական զեկույցի տրամադրում։
Ներկայում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝
- ՔԿՀ-ներում դատապարտյալի վերասոցիալականացման անհատական ծրագրի պիլոտավորում, որին նախորդել է համապատասխան վերապատրաստումը,
- ՔԿՀ-ներում «Հավասարը հավասարին» մեթոդի ներդրման ուղղությամբ աջակցություն։
Այնուհետև քննարկվել են մեկ տարվա հաստատված ծրագրի համագործակցության ուղղությունները՝
- Բժշկական գաղտնիքի պահպանման և բազմամասնագիտական աշխատանքների առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում,
- Վերասոցիալականացման անհատական ծրագրերի կազմման և իրականացման վերաբերյալ վերապատրաստում և գործիքակազմի ներդրում։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է նաև քրեակատարողական համակարգի կարիքները և ԵԽ-ի հետ հետագա չորս տարվա համագործակցության նախընտրելի ուղղությունները։