Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
մարտի 08, 2022
Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Ճակատագրի բերումով հայ կինը, բացի մայր, քույր, կին լինելուց, ունի նաև մեծ առաքելություն՝ մեծացնել իր զավակներին հայրենանվեր, արիասիրտ և իր ազգի համար նվիրյալ զինվորներ, և հենց այս առաքելությունն էլ ձեզ, սիրելի՛ կանայք, դարձրել և դարձնում է մեր ազգի հարատևության և բարեկեցության գրավականը, պետության հենասյունը։ Վստահ եմ, որ ձեր չընկճվող և չնահանջող տոկունության ու արիության շնորհիվ մենք դեռ շատ հերոսներ ենք ունենալու և շատ բարձունքներ ենք նվաճելու։
Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, ուզում եմ անձամբ իմ և իմ գործընկերների անունից շնորհակալություն հայտնել ձեզ ձեր այդ հոգատարության, անձնազոհության, հատկապես մեր երկրին քաջարի զինվորներ նվիրելու համար, շնորհակալ ենք նաև ընտանեկան օջախի ջերմության պահպանման, արժեքների ամրացման և այդ արժեքները մեր զավակներին փոխանցելու համար: Ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու երախտագիտությամբ և, ամենակարևորը, այսուհետ ապրեք հոգեպես հանգիստ՝ շնորհիվ մեր բոլորի կողմից այդքան երազած խաղաղության, որը հանուն ձեզ և ձեր երջանկության պիտի ունենանք, պիտի ստեղծենք։
Ուզում եմ շնորհավորել նաև մեր համակարգի կին աշխատակիցներին՝ իրենց պատասխանատու և արժանապատիվ աշխատանքի, աշխատանքային բոլոր դժվարությունները պատվով հաղթահարելու համար։ Գարնանային այս գեղեցիկ օրը թող շարունակական ջերմությամբ լիացնի ձեր առօրյան, հարգելի՛ գործընկերներ։
Շնորհավորելով նաև բախտի թելադրանքով ժամանակավորապես անազատության մեջ գտնվող կանանց՝ մաղթում եմ նրանց համբերատարություն և շուտափույթ ազատում:
Շնորհավոր Մարտի 8։