Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

դեկտեմբերի 30, 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Անցնող տարին Քրեակատարողական ծառայությունն ամփոփում է բազմաթիվ հաջողություններով և ձեռքբերումներով։ Համակարգված և նպատակուղղված աշխատանքի, ծառայողների և աշխատակիցների նվիրվածության արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել քրեակատարողական համակարգի գործունեության մի շարք ոլորտներում` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։

Այնուամենայնիվ, շատ են նաև անելիքները, որոնց լուծման համար մեզնից պահանջվում է մշտարթուն և խստապահանջ վերաբերմունք, զգոնություն և սրտացավություն: Հուսով եմ, որ մեր նվիրյալների ջանքերով հաջորդ տարում ևս նոր թափ կհաղորդվի քրեակատարողական համակարգում ընթացող արմատական բարեփոխումներին, կյանքի կկոչվեն նոր ձեռնարկումներ և ծրագրեր։

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Թող գալիք տարին մեր պետության համար լինի խաղաղության, վստահության և արարումների տարի, բարօրություն բերի մեր երկրին: Կալանավորված անձանց և դատապարտյալներին մաղթում եմ շուտափույթ վերադարձ ընտանիք և դեպի անազատություն տանող բոլոր ուղիներից զերծ մնալու խոհեմություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։