Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը բացման խոսքով հանդես է եկել ԵՄ կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացին
օգոստոսի 19, 2025
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրի «Եվրամիությունը հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» 2-րդ փուլի շրջանակներում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար կազմակերպվել են երկօրյա վերապատրաստումներ` «Գենդերային հավասարություն, գենդերային զգայունություն և ատելության խոսքի դեմ պայքար, հիմնական հայեցակարգերը և գործնական հիմնախնդիրները» թեմայով:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը։ Վերջինս կարևորել է նման միջոցառումների նշանակությունը՝ ընդգծելով, որ ձեռք բերված գիտելիքները և հմտությունները միանշանակ կնպաստեն ծառայության աշխատանքի կատարելագործմանը։ Խոսքի ավարտին Վ. Նանուշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և մասնակիցներին արդյունավետ համագործակցության համար։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները կծանոթանան գենդերային խտրականության դրսևորումներին, գենդերային հավասարության սկզբունքներին և դրանց կիրառությանը քրեակատարողական հիմնարկներում։ Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև խմբային քննարկումներ, որոնք կանդրադառնան գենդերային կարծրատիպերին և դրանց հաղթահարման ուղիներին։
Եռափուլ կառուցվածքով երկօրյա դասընթացին կմասնակցի ՔԿԾ կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակից։