Քրեակատարողական ծառայության վարչակազմը Հայոց բանակի 28-ամյակի կապակցությամբ եղավ Վանաձորում
հունվարի 29, 2020
Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը և քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ ծառայության պետն ու նրա առաջին տեղակալը շրջայց են կատարել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի մասնաշենքում, խոհանոցում, բժշկական սպասարկման մասում և մյուս համապատասխան տարածքներում, որտեղ ծանոթացել են անազատության մեջ գտնվող անձանց պահելու և պատիժը կրելու կարգին ու պայմաններին, այդ թվում՝ պատրաստվող սննդի որակին, տեսակցությունների ապահովման վիճակին, հանձնուքների և անձանց ստուգման համար ներդրված նոր ռենտգեն սարքերի գործարկման, հիշյալ անձանց հետ իրականացվող սոցիալական, կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումների ու ծրագրերի իրականացման, քրեական ենթամշակույթի կանխարգելման ու դրա դեմ պայքարի կազմակերպման վիճակին և այլ հարցերին, որոնց կապակցությամբ հիմնարկի վարչակազմին տրվել են համապատասխան ցուցումներ:
Շրջայցի ընթացքում Արտակ Հարությունյանը հիմնարկի տարբեր ստորաբաժանումների հետ անցկացրել է մասնագիտական քննարկումներ, որի ընթացքում ներկայացվել է քրեակատարողական ծառայության նոր ղեկավարության որդեգրած տեսլականը օրենքի և պետական շահի գերակայության ապահովման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ու դրսևորումների բացառման և անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմի ձևավորման վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ են ներկայացվել և ցուցումներ տրվել վերոհիշյալի և ծառայությունը կրելու կարգին ու պայմաններին առնչվող մյուս հարցերի կապակցությամբ:
Ծառայության պետ Արթուր Գոյունյանը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ այցելել է նաև Վանաձորի զոհված ազատամարտիկների պանթեոն, որտեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և այլ պաշտոնատար անձանց հետ ծաղիկներ է խոնարհել ի հիշատակ Արցախյան հերոսամարտի նահատակների։
Ծառայության պետը պաշտոնատար անձանց հետ ներկա է եղել նաև Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված պաշտոնական միջոցառմանը՝ նվիրված Հայոց բանակի 28-ամյակին։