Քրեակատարողական ծառայությունը համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմեքենաներով՝ նախատեսված դատապարտյալների փոխադրման համար
դեկտեմբերի 30, 2022
Դեկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին՝ ծանոթանալու Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված հատուկ նշանակության նոր տրանսպորտային միջոցներին:
Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, ընդունելով հյուրերին, ներկայացրել է 2022 թվականի արտադրության, չշահագործված, «Ֆորդ» մակնիշի 10 ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել դատապարտյալներին ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ և դատարաններ փոխադրելու (ուղեկցորդելու) նպատակով:
Դատապարտյալներին փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցները հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան հնարավորություններով, գործիքների գործարանային կոմպլեկտացիայով, կրակմարիչներով, առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով, ազատազրկված անձանց համար առկա են մետաղական միջնապատերով իրարից առանձնացված մեկ, երկու և չորս տեղանոց 3 խցեր՝ ապահովված մետաղական ճաղերով բացվածքներով օդափոխության և լրացուցիչ լուսավորության համար:
Դատապարտյալների փոխադրման գործընթացը, որը մինչ այժմ իրականացվում էր ՀՀ ոստիկանության կողմից, 2023 թվականից իրականացնելու է Քրեակատարողական ծառայությունը:
Սերգեյ Ատոմյանը կարևորել է Ծառայության կողմից նոր գործառույթի արագ և անվտանգ կատարումը՝ նշելով, որ այս մեքենաներով դատապարտյալների փոխադրումները կիրականացվեն առավել պատշաճ պայմաններով, բացի այդ՝ դրանք ավելի քիչ ծախսատար են, ինչը թույլ կտա խնայողություններ անել:
Ուսումնասիրելով մեքենաները՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ Քրեակատարողական ծառայության ուղեկցումների տրանսպորտային միջոցները եղել են անմխիթար վիճակում, իսկ տվյալ մեքենաները համապատասխանում են միջազգային չափանիշներին, նախարարը նաև հույս է հայտնել, որ բարեփոխումները կլինեն շարունակական: