Քրեակատարողական ծառայությունում անցկացվել է հերթական աշխատանքային քննարկումն ազատազրկված անձանց ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ
մայիսի 05, 2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ազատազրկված անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության պետի խորհրդական Անուշ Դանոյանը, կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Արմեն Շուքուրյանը և նույն ծառայության համապատասխան վարչության ղեկավար Ռիմա Եգանյանը, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Բաբայանը։
Հանդիպմանը քննարկվել են ազատազրկված անձանց ֆունկցիոնալության գնահատման ընթացքում առաջացող խնդիրների լուծման առավել օպտիմալ ուղիները, միջգերատեսչական համագործակցության առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմների հնարավորությունները։
Հարկ է նշել, որ նման անմիջական քննարկումների շնորհիվ ազատազրկված անձանց ֆունկցիոնալության գնահատման գործընթացն արդեն իսկ իրականացվում է ավելի արագ և արդյունավետ։