Քրեակատարողական համակարգի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման հերթական դասընթացը
նոյեմբերի 14, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակներում, Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ 2022 թվականի նոյեմբերի 9-11-ը անցկացվել է քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման հերթական դասընթացը:
Եռօրյա դասընթացը նախատեսված է եղել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբանների համար:
Առաջին օրը Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը մասնակիցներին ներկայացրել է հոգեախտորոշման հմտությունները և ինքնաճանաչման հիմնական չափորոշիչները, մասնավորապես քննարկվել են հոգեբանական աշխատանքի սկզբունքները, մեթոդները, դրանց կիրառման հմտությունները:
Երկրորդ օրվա թեման եղել է «Գենդերազգայուն հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները», դասընթացը վարել է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, խմբավար Սիրանուշ Դավթյանը: Անդրադարձ է կատարվել գենդերային բռնության հիմնական ենթատեսակներին, դրսևորման առանձնահատկություններին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց հոգեբանական աջակցությանը, բռնություն կիրառող անձանց հոգեբանական վերականգնման առանձնահատկություններին: Մասնակիցներին ցուցադրվել է նաև գենդերային սոցիալականացման մասին ֆիլմ:
Դասընթացի վերջին օրը հոգեբան Կարեն Թորոսյանը ներկայացրել է «Ազատազրկման վայրում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքները» թեման, որի համատեքստում մասնակիցները քննարկել են ազատազրկման վայրերում գտնվող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի էթիկական նորմերը, հացադուլների, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դիմող ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները:
Դասընթացի ավարտին մասնակիցները պարգևատրվել են վկայականներով։