Քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողները մասնակցել են վերապատրաստման դասընթացների
նոյեմբերի 01, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքված հուշագրի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը կազմակերպվել էր քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց, որին մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանման և մի շարք քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներ:
Դասընթացի թեմաներն են եղել «Մարդու իրավունքներ և խտրականության արգելքը», «Ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները», «Գենդերազգայուն սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները կանանց տարբեր խմբերի հետ աշխատանքում», որոնց համատեքստում ուսումնասիրվել են մարդու իրավունքների հասկացությունը և զարգացման պատմությունը, միջազգային և ներպետական փաստաթղթերին և պաշտպանության մեխանիզմներին առնչվող հարցեր, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը և խտրականության իրավունքի պաշտպանության համակարգերը:
Անդրադարձ է կատարվել նաև դեպքի վարմանը, հարցազրույցի վարման մեթոդին և տեխնիկաներին, ուսումնասիրվել են իրավախախտում կատարած անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի էթիկական նորմերը, սկզբունքները և իրավունքները, գենդերային սոցիալական աշխատանքի էությունը և սկզբունքները, ինչպես նաև ազատազրկված անձանց խոցելի խմբերի հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները:
Դերային խաղերի, մասնագիտական տեսանյութերի, խմբային քննարկումների միջոցով դասընթացի մասնակիցները զարգացրել են իրենց տեսական գիտելիքները և գործնական կարողությունները: