Հոգևոր

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ

ապրիլի 22, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում նշել են Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանն անցկացրել է Զատկի տոնական արարողություն և հոգեհանգստի կարգ, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանն ազատազրկված կանանց ներկայացրել է Տոնի խորհուրդը, օրհնել հարության և կյանքի խորհրդանիշ զատկական ձվերը, այնուհետև ներկված ձվերը բաժանվել են ազատազրկված կանանց։ 

Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը «Դատապարտյալների հիվանդանոց» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում կատարել է զատկական տնօրհնեք, յուղի օրհնության կարգ, հնչեցրել տիրոջ հարության ավետիսը։ Միջոցառումներն ավարտվել են տերունական աղոթքով, իսկ զատկական ձվերը բաժանվել են ներկաներին։

Տեր Տիգրան քահանա Հակոբյանի ձեռամբ նաև Զատկի տոնական արարողություն և տնօրհնեք է իրականացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, իսկ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված արարողություն է իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: