Քրեակատարողական հիմնարկներում դասավանդող ուսուցիչների և սովորող ազատազրկված անձանց համար իրականացվել են մի շարք դասընթացներ
մարտի 20, 2023
Սույն թվականի մարտի 15, 16 և 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ», «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» ծրագրում դասավանդող ուսուցիչների և սովորողների համար Կենտրոնի մասնագետներն իրականացրել են սոցիալ-հոգեբանական թեմաներով մի շարք դասընթացներ։
ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և նույն բաժնի մասնագետ Աննա Պողոսյանը դատապարտյալների համար անցկացրել են տեսագործնական պարապմունք՝ «Կոնֆլիկտների հաղթահարումը» թեմայով:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել բաց դաս-քննարկում ժողովրդագրության հիմնախնդիրների, ծնելիության և ազգային անվտանգության հաղթահարման վերաբերյալ, որի ընթացքում դատապարտյալները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել՝ ակտիվորեն մասնակցելով թեմայի քննարկմանը:
Նշված քրեակատարողական հիմնարկներում դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել են հոգեբանական վերապատրաստման դասընթացներ, որոնք անցկացրել է դասընթացավար, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետ, հոգեբան, հ.գ.թ. Նունե Մնացականյանը։ Վերջինիս տեսագործնական պարապմունքներն օգնում են ուսուցիչներին ավելի լավ ճանաչել դատապարտյալների անձնային առանձնահատկությունները, կանխատեսել նրանց վարքը, ցուցաբերել ուսուցման անհատական մոտեցումներ, ինչպես նաև նպաստել վերասոցիալականացման գործընթացներին: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները ձեռք են բերում հաղորդակցման և մանկավարժահոգեբանական ազդեցության նոր հմտություններ, բարձր սթրեսակայունություն, անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների ճանաչում և ինքնաճանաչում:
Հանդիպումների ընթացքում ուսուցիչների հետ քննարկվել են նաև ուսումնական գործընթացներին վերաբերող խնդիրները: