Քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են Ջրօրհնեքի և Տնօրհնեքի ծիսական կարգերը
հունվարի 09, 2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկի եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանը Հայ եկեղեցու սպասավորների հետ համատեղ ազատազրկված անձանց և հիմնարկի վարչակազմի համար անցկացրել է Ջրօրհնեքի կարգ՝ նախ ներկայացնելով սրբազան տոնի խորհուրդը, այնուհետև երգերի և աղոթքների ուղեկցությամբ օրհնելով ջուրը։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցել Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։ Միջոցառմանը օժանդակել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։ Տեր Զենոն քահանայի ձեռամբ իրականացվել են Ջրօրհնեքի և Տնօրհնեքի ծիսական կարգերը, աղոթքներով և շարականների երգեցողությամբ, Սուրբ Խաչով, Ավետարանով և մյուռոնով օրհնվել են ջուրը, աղը, հացը։ Արարողությանը ներկա են գտնվել հիմնարկի վարչակազմը և անազատության մեջ պահվող 46 անձ։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ևս ՍՀԻԱ բաժնի օժանդակությամբ և կին դատապարտյալների, կալանավորված անձանց մասնակցությամբ անցկացվել է Ջրօրհնեքի արարողություն: Հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում օրվա խորհրդին նվիրված մեկնություններով, աղոթքներով և շարականների երգեցողությամբ օրհնել է ջուրը:
Գուգարաց թեմի նախաձեռնությամբ և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ Ջրօրհնեքի արարողություն է կազմակերպվել նաև «Վանաձոր» ՔԿՀ ազատազրկված անձանց համար: Արարողությունն իրականացրել է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը, մասնակցությամբ հոգևոր սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանի և հոգևոր սպասավոր Սարգիս սարկավագ Գալստյանի:
Ջրօրհնեքի կարգ են անցկացրել նաև հոգևոր հայր Տեր Ներսես քահանա Ռուշանյանը «Արմավիր», Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» և Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկներում։
Արարողություններից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու և մարմնի նորոգության միջոց, օրհնված աղը և հացը բաժանվել են ներկաներին: