Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ
փետրվարի 20, 2025
Հայ նշանավոր բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը Լոռու մարզային գրադարանի հետ համագործակցությամբ կազմակերպել էր գրական-մշակութային միջոցառում։ Օրվա խորհրդին համահունչ գրադարանի աշխատակիցներն ազատազրկված անձանց ներկայացրել են հետաքրքրաշարժ նյութեր Թումանյանի մասին և հիմնարկին նվիրել գրքեր։ Իսկ դատապարտյալ Շահեն Քոչարյանը, որը Մեծ լոռեցու ծննդավայր Դսեղ գյուղից է, միջոցառմանն ընթերցել է իր հեղինակած բանաստեղծություններից և գրադարանի աշխատակից Հովհաննես Սարդարյանի կողմից որպես նվեր ստացել վերջինիս ստեղծագործությունների ժողովածուն։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նույնպես կազմակերպվել էր միջոցառում՝ ուղղված ազատազրկված անձանց ժամանակի օգտավետ անցկացմանը, գիտելիքների հարստացմանն ու անձնային աճին։ Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է բազմագիտակության ստուգման երկփուլ մրցույթ։
«Վարդաշեն» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձինք իրենց ազատ ժամանակն անցկացրել են շախմատային տախտակների առջև։ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված մրցաշարի արդյունքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Արթուր Մկրտումյանը, Վարդան Բաբայանը և Արամ Մալինցյանը, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում՝ Կոնստանտին Սարկիսյանը, Ռուստամ Պետունցը և Վարդան Մարտիրոսյանը։