Հոգևոր

Քրեակատարողական հիմնարկներում նշվել է Սուրբ Հարության տոնը

ապրիլի 05, 2021

Ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։ Քրիստոսը հարություն առնելով հանդերձյալ կյանքից՝ հարություն տվեց նաև մահկանացուներիս մեղքերին և մահվան մեջ ընկած բնությանը։

Սուրբ Զատիկը ինչպես ամեն տարի, այս անգամ ևս նշվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում։ 

Հիմնարկների հոգևոր հայրեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Արսեն քահանա Համբարձումյանի առաջնորդությամբ, հիմնարկի ծառայողների և ազատազրկված անձանց մասնակցությամբ հիմնարկների հոգևոր անկյուններում կատարվել է Սուրբ Հարության արարողությունը։ Հոգևոր հայրերը նախ ներկայացրել են օրվա խորհուրդը, այնուհետ աղոթքներ հնչեցնելով զոհվածների, որդեկորույս ծնողների, սահմանները պահող զինվորների համար՝ ներկաների հետ միասին մոմավառությամբ և խնկարկումով հարգել են իրենց կյանքը երկրին նվիրաբերած քաջ հայորդիների հիշատակը։ Արարողության ավարտին հոգևոր հայրերը օրհնված յուղ են բաժանել ազատազրկված անձանց։