Քրեակատարողական հիմնարկներում նշվել է Տեառընդառաջը
փետրվարի 14, 2020
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ փետրվարի 14-ին, նշում է քառասուն օրական Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառընդառաջը։ Տերունական տոնին Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ։
Համայն հայության համար մեծ խորհուրդ ունեցող այս տոնը նշվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում։ Մասնավորապես «Արթիկ» ՔԿՀ-ում հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի, «Աբովյան» ՔԿՀ-ում տեր Արսեն քահանա Համբարձումյանի և «Հրազդան» ՔԿՀ-ում տեր Համազասպ քահանա Գրիգորյանի հանդիսապետությամբ, հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ նշվել է Տերունական տոնը։
Հոգևոր հայրերը մեկնաբանել են տոնի խորհուրդը և մատուցել Սուրբ պատարագ։ Արարողությանը մեծ ակնածանքով և հավատով մասնակցել են նաև ազատազրկված անձինք։