Մշակութային

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները

դեկտեմբերի 24, 2021

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրի շրջանակներում շարունակվում են իրականացվել տարբեր ձևաչափերի միջոցառումներ։ 

Շաշկու առաջնության ներհիմնարկային մրցաշար էր կազմակերպվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների կողմից, որին մասնակցել է թվով 19 դատապարտյալ:

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանը, շնորհավորելով մրցաշարի արդյունքներով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած դատապարտյալներին, իր խոսքում կարևորել է սպորտային միջոցառումների անցկացումը դատապարտյալների շրջանում՝ ընդգծելով նաև, որ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելն ինքնին հանդիսանում է անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հերթական մշակութային միջոցառում էր կազմակերպվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների մասնակցությամբ և նախաձեռնությամբ, ինչպես նաև հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների օժանդակությամբ։ Ցերեկույթը նվիրված է եղել հայ մեծ բանաստեղծ Հ․ Թումանյանի ստեղծագործություններին, քննարկվել են հատկապես Աստծո և տիեզերքի ընկալումները Թումանյանի քառյակներում։