Պաշտոնական

Քրեակատարողական ոլորտի հայաստանյան պատվիրակությունը ուսումնական ծրագրով մեկնել էր Էստոնիա

հունիսի 28, 2022

Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական համակարգի ռազմավարության իրականացման աջակցության նպատակով 2022թ․ հունիսի 12-16-ը Հայաստանի պատվիրակությունը ուսումնական ծրագրով մեկնել էր Էստոնիա։ 

Այցի առաջնային խնդիրներից է եղել գիտելիքի և փորձի փոխանակումը։ Ուսումնական ծրագրում ընդգրկված են եղել հետևյալ թեմաները՝ քրեակատարողական հաստատություններում կառավարման, աշխատակազմի և կալանավորների համար պայմանների բարելավում, բժշկական խնամքի տրամադրում փակ հաստատություններում, պայքար քրեական ենթամշակույթի դեմ, քրեակատարողական հաստատությունների և պրոբացիայի համագործակցության բարելավում, պրոբացիոն նոր պրակտիկայի իրականացում, փորձնական ծրագրերի ներդրում, վերականգնողական արդարադատության պրակտիկա։

Հայաստանյան պատվիրակության կազմում եղել են ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Միշա Խուդավերդյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ Խաչիկ Հարությունյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և քրեակատարողական համակարգի այլ ներկայացուցիչներ։

Պատվիրակությունը ճանաչողական նպատակով այցելել է նաև Էստոնիայի քրեակատարողական հաստատություններ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության, Նիդեռլանդների քրեակատարողական հաստատությունների գործակալության և Նիդեռլանդների պրոբացիայի ծառայության հետ սերտ համագործակցությամբ։