ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի անունից վկայականներ են հանձնվել շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցած դատապարտյալներին
դեկտեմբերի 21, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շախմատի հավաքականը սույն թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը մասնակցություն էր ունեցել դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը, որն արդեն կազմակերպվում է չորրորդ անգամ և առցանց ձևաչափով իրականացվում Հայաստանի շախմատի ակադեմիայում։
Առաջնությանն այս տարի մասնակցել էին լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը «Նուբարաշեն», Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը «Արմավիր», Հակոբ Աբաջյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Վերոնշյալ դատապարտյալներն առաջնությանը մասնակցելու համար ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի և կազմակերպիչ երկրի շերիֆի կողմից ստացել են մասնակցության վկայականներ, որոնք հանձնվել են մասնակիցներին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հիմնարկների վարչակազմի շնորհավորական խոսքերի և քաջալերման ուղեկցությամբ։